Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հերթական գանգատներն է ներկայացրել ԵԱՀԿ-ին:
Բելգրադում անցնող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ Ադրբեջանի նախարարը իր ելույթը սկսել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ) քննադատելուց, Բելգրադից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր պայմաններն էր ներկայացրել կազմակերպությանը, որոնց հետ վերջինս չէր համաձայնել: Ի վերջո ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն հրաժարվել էր ընտրությունների մոնիտորինգից: Այս փաստը Ադրբեջանը փորձել է ներկայացնել իրականությունից տարբերվող լույսի ներքո: « Պետության հետ համագործակցելու հարցում ԺՀՄԻԳ–ի մերժումը խաթարում է ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության հեռանկարները: Վստահ ենք, որ իրավիճակը պետք է վերանայվի»,- հայտնել է Մամեդյարովը:
Հետո նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չկարգավորված հակամարտությունները շարունակում են մնալ տարածաշրջանի գլխավոր սպառնալիքը: Նա ափոսոսանքով է արձանագրել առաջխաղացման բացակայությունը Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Իր ելույթի կեսը Ադրբեջանի նախարարը նվիրել է հակահայկական հայտարարություններին՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես «զոհ», իսկ Հայաստանին՝ «ագրեսոր»:
Ուղիղ սպառնալիքներից Մամեդյարովը զերծ է մնացել:





























