Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել դեկտեմբերի 2-ին վաղ առավոտյան Արարատի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 2-ին ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում գործող սահմանափակ ընկերության գրասենյակից կատարվել է գողություն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, դիմակավորված 3 անհայտ անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել ընկերության տարածք, զենքի գործադրմամբ հարձակում կատարել նույն ՍՊԸ-ի պահակի նկատմամբ, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ՍՊԸ-ի գանձապահի աշխատասենյակում տեղադրված մետաղյա պահարանից հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է 24 մլն 770 հազար ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրնի կերպով զենք եւ ռազմամթերքի ձեռք բերելը, պահելը):

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ գողությունը կատարվել է «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակից: