Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմին (EPDE) չեն հավատարմագրել՝ որպես միջազգային դիտորդ ներգրավվելու դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կազմակերպության ներկայացուցիչ Լենե Վեթելանդը:

Վեթելանդի համար անհասկանալի է, թե ինչու իրենց չեն հավատարմագրել:

«Մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հավատարմագրվելու համար, սակայն հրաժարվել են մեզ հավատարմագրել»,- ասաց Լենե Վեթելանդը:

Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի  ներկայացուցիչները հանրաքվեի ընթացքին հետեւելու են՝ որպես հանրային լրագրողներ:

««Թրանփարենսի Ինթերնեշնալ հակակոռուպցիոն կենտրոն»-ն ընդլայնված կազմով է հետեւելու հանրաքվեի ընթացքին, ավելի 9 հարյուր դիտորդ է լինելու: Այս պահին ցուցակը վերջնական չէ, որովհետեւ մարդիկ շարունակում են միանալ մեզ՝ արդեն որպես հանրային լրագրողներ: Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչները նույնպես մեզ հետ են լինելու, սակայն որպես հանրային լրագրողներ»,- ասաց կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: