2009 թ, հուլիսի 1-ից, հաջորդող 6 ամիսների ընթացքում Եվրամիությունը նախագահելու է Շվեդիան։ Այս կապակցությամբ, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա տոնական միջոցառում, որին կմասնակցեն երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը։

Ստոկհոլմում նշել են, որ իրենց դժվարին ու պատասխանատու 6 ամիս է սպասվում։ Երկիրը պիտի գլխավորի Եվրոպան տնտեսական ճգնաժամից հանելուն ուղղված բոլոր ջանքերը։ Պետք է աշխատի կլիմայի վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախապատրաստման վրա, Եվրամիության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ եւ այլն։ Օրակարգում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է։ Շվեդիայի նախագահության աշխատանքային ծրագրում, մասնավորապես նշված է, որ Ստոկհոլմում կայանալու է Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովը, որի նպատակն է. «նոր, լայնամասշտաբ գործընկերության համաձայնագրի» հարցում առաջընթաց ձեռք բերելը։

Հիշեցնենք, որ Եվրամիության նախագահությունը Շվեդիան ստացել է Չեխիայից։ Վերջինիս նախագահության շրջանը Եվրամիությունում փորձագետները գնահատում են որպես ամենաանհանգիստներից մեկը։