Սահմանադրական փոփոխությունների նախագծին պետք է ոչ ասել, քանի որ անհայտ է, թե այն ընդունելուց հետո Հայաստանը ուր կգնա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

«Ո՞րն է այն տեսլականը, թե Հայաստանը համանման Սահմանադրությամբ ինչ է իրենից ներկայացնելու 2020-2030 թվականներին: Գործող Սահմանադրությամբ օլիգարխիայի եւ իշխանության սերտաճում է տեղի ունեցել եւ գնալով ավելի է խորանում, եւ այս համատեքստում պետք է ոչ ասել, քանի որ անհայտ է` թե այդ հարաբերությունները նոր Սահմանադրությամբ ուր կհասնեն»,-ասաց կրոնագետը:

Վարդան Խաչատրյանը մտահոգություն հայտնեց նաեւ նոր Սահմանադրությամբ նախատեսվող վարչապետի եւ նախագահի պարտականությունների վերաբերյալ, հատկապես` պատերազմական գործողությունների ժամանակ:

«Ոչինչ գրված չէ այն մեխանիզմի մասին, թե պատերազմի ժամանակ ինչ կիրառական փոփոխություններ իրականացվելու: Դա մի մեխանիզմ է, որին երկրի նախագահը կարող է կարող է համաձայնել կամ չհամաձայնել, որը ոչ մի կերպ համադրելի չէ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական շրջանակների հետ»,-ասաց կրոնագետը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգին: