Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երեւան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլեւ Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջեւ կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջեւ բազմակողմանի կապերի ամրապնդման եւ զարգացման, բարեկամ ժողովուրդների միջեւ առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- նշել է ՀՀ դեսպանը: