Գերմանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողություններին Գերմանիայի բանակի (Bundeswehr) մասնակցության առաջարկին։ Որոշումը կայացվել է 445 կողմ 146 դեմ ձայներով։

Կառավարության պլանի  համաձայն՝ Գերմանիան կոալիցիային աջակցելու համար 1200 զինծառայող կուղարկի։ Մասնավորապես պլանավորվում է թուրքական Ինջիրլիքի բազայում «Տորնադո» տեսակի գերմանական 6 հետախույզ-ինքնաթիռ եւ տանկեր-օդանավեր տեղակայել, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Բացի այդ, Գերմանիան պարեկություն իրականացնող նավ կուղարկի Միջերկրական ծով՝ աջակցելու Ֆրանսիայի Շառլ դե Գոլ ավիակիր նավին։

Մարտական գործողություններին անմիջական մասնակցություն չի պլանավորվում։