Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը մշակում է հետբերքահավաքի կանոնակարգ եւ ուսումնասիրում բնածին աղետների դեմ պայքարի նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հեն հանդիպման ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում գյուղնախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները եւ առաջիկա ծրագրերը:
Նա մասնավորապես անդրադարձել է Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Այդ թվում` Եվրամիության հետ համագործակցության շրջանակում փոխնախարարն առանձնացրել է «Արեւելյան համագործակցության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման» 25 միլիոն եվրո արժողությամբ եռամյա ծրագիրը, որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 5-ը` տեխնիկական եւ իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Ծրագրի տեխնիկական բաղադրիչի ներքո ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում այժմ նախարարությունը մշակում է հետբերքահավաքի կանոնակարգ եւ ուսումնասիրում բնածին աղետների դեմ պայքարի նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցը: Արմեն Հարությունյանը հավելել է, որ այս մեթոդոլոգիայի շրջանակում պիլոտային ծրագրեր կիրականացվեն հակակարկտային ցանցերի տեղադրման, ցրտահարության դեմ պայքարի միջոցառումների նոր տեխնոլոգիաների մասով: Ծրագիրն ունի նաեւ դրամաշնորհային բաղադրիչ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման եւ ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից եւ նպատակուղղված է կոոպերատիվների աջակցությանը: Փոխնախարարն ընդգծել է, որ այս տարի ՀՀ բոլոր մարզերի գյուղացիական տնտեսությունները, որոնք ցանկանում են կոոպերատիվներ հիմնել, հնարավորություն են ունեցել հայտեր ներկայացնել, որի արդյունքում ըստ չափորոշիչների կընտրվեն 30-35 կոոպերատիվներ, որոնք կստանան դրամաշնորհներ Եվրամիության կողմից:




























