Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ նախօրեին Սերգեյ Լավրովի, Ջոն Քերրիի եւ Հառլեմ Դեզիրի ընդունած հայտարարությունը կարեւոր նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց արձանագրելու առումով:
Բլեգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդր 22-րդ նիստի շրջանակում հայ լրագրողների հետ զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով միջնորդների հետ հանդիպման եւ ռուսական, ամերիկյան եւ ֆրանսիական պատվիրակությունների ղեկավարների ընդունած հայտարարության մասին հարցին, նշել է, որ համանախագահներն ասում են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Իրենց հայտարարության մեջ նրանք մի քանի անգամ վերադառնում են դրան եւ կողմերին կոչ անում հաստատել հակամարտությունը բացառապես բանակցությունների խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունը: Դա նախկինում էլ բազմիցս արվել է», - նշել է նախարարը:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը նախկինում էլ հաստատել է, որ պատրաստ է դրան, սակայն Ադրբեջանից այդպես էլ չլսեցինք, թե ինչ են մտածում: «Կոչը հերթական անգամ Ադրբեջանին է ուղղված: Միջնորդները կողմերին են դիմում, սակայն պարզ է, թե դա ում է ուղղված: Ո՞վ է սպառնում ուժ կիրառել: Ո՞վ է սպառնում պատերազմ սկսել: Հայաստա՞նը: Երբեք», - ասել է նախարարը:
Նրա խոսքով, համանախագահները կողմերին նաեւ կոչ են անում հաստատել իրենց համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասով. «Դուք գիտեք, որ Նյու Յորքում արտգործնախարարների վերջին հանդիպման արդյունքում համանախագահների` նման մեխանիզմներ ստեղծելու հերթական կոչին ի պատասխան մենք հաստատել ենք մեր համաձայնությունը: Իսկ Ադրբեջանը փաստացի մերժել է: Իրենց հայտարարության մեջ համանախագահները Ադրբեջանին հատուկ կոչ են արել` նշելով, որ հայկական կողմը համաձայնություն է տվել: Համանախագահողները խստորեն դատապարտում են ծանր հրետանու կիրառումը: Ո՞վ է կիրառում դա: Պարզ չէ՞: Ասվել է, որ հենց ադրբեջանական կողմն է նման սպառազինություն օգտագործում, համանախագահներն այս եղանակով դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր սպառազինության օգտագործումը: Եվ վերջապես, դարձյալ դժգոհություն է հայտնվում համանախագահների հասցեին սուր քննադատությունից: Իսկ ո՞վ է սուր քննադատություն արտահայտում: Հայաստանը երբեւէ նման բան ասե՞լ է: Երեկ լիագումար նիստին իմ ելույթի ընթացքում ես նշեցի, որ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Երբ ասվում է, թե բանակցություններում առաջընթացի բացակայության համար մեղքը համանախագահների վրա բարդելը քաղաքական կամքի բացակայությունը թաքցնելու փորձ է: Ո՞ւմ կամքի: Ադրբեջանի: Այսինքն ամեն ինչ ակնհայտ է, եւ ես կարծում եմ, որ համանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել: Հարցն այն է, թե Ադրբեջանը որքանով ականջ կդնի այդ շեշտադրումներին եւ որքան համարժեքորեն կհասկանա, թե միջազգային հանրությունն իրեն ինչ է ասում: Որովհետեւ համանախագահներն ընդամենը երեք երկրի ներկայացուցիչներ չեն: Դա միասնական մարմին է, երեկ դա դարձյալ հաստատվել է հայտարարության մեջ, որը միջազգային հանրության մանդատն ունի եւ որը, ինչպես իրենք են ասում, օգտվում է կողմերի աջակցությունից: Սակայն եթե կողմերից մեկը զբաղված է շարունակական քննադատությամբ, իրո՞ք աջակցում է: Իհարկե ոչ: Եվ դրանով հարցականի տակ է դնում:
Հույս ունենք, որ այդ հայտարարությունը կարեւոր նշանակություն կունենա բանակցային գործընթացի առաջընթացի համար», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:




























