Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի համապատասխան հրամանը տեղակայվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Վրաստանի նախագահի 2015թ. դեկտեմբերի 4-ի №378 հրամանով, Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածի «բ» կետի առաջին մասի, 1-ին հոդվածի «գ» կետի առաջին մասի եւ 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, այլ երկրի քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ դադարեցվել է 1967թ. դեկտեմբերի 21-ին ծնված քաղաքացի Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքացիությունը»,- ասված է հրամանում, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ Վրաստանի Արդարադատության նախարարությունը դիմել էր նախագահին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու խորհրդով, քանի որ Սահակաշվիլին այս պահին Ուկրաինայի քաղաքացի է հանդիսանում։




























