Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 4-ին բերման ենթարկված ակտիվիստ Գագիկ Եղիազարյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ոստիկանությունը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին թույլ չեր տվել սեղաններ տեղադրել Ազատության հրապարակում: Ակտիվիստները սեղանները հրապարակ էին փորձել բարձրացնել գետնանցումով, ոստիկանները մոտեցել էին նրանց, առգրավվել սեղաններն ու բերման ենթարկել Գագիկ Եղիազարյանին:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին անժամկետ հանրահավաքներ է սկսել եւ արդեն մի քանի օր է՝ նախաձեռնության անդամները հերթափոխով գիշերում են Ազատության հրապարակում:




























