«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում ու Իրաքում ինտերնետ են մտնում՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք առաջարկում են արբանյակային կապի եվրոպական օպերատորները, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Spiegel online-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Սիրիայում ու Իրաքում հազարավոր սարքեր կան, որոնք թույլ են տալիս օգտագործել արբանյակային ինտերնետ: Ընդ որում դրանցից առնվազն հարյուրավորները գտնվում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նախեւառաջ կապն իրականացվում է եվրոպական Avanti Communications ընկերության արբանյակով, որի շտաբ բնակարանը Մեծ Բրիտանիայում է ու Ֆրանսիայում գտնվող Eutelsat –ի արբանյակով:
Spiegel-ը նշում է, որ նա ով ուզում է Սիրիայում ինտերնետ մտնել, կարող է անել դա միայն արբանյակային կապի տեխնոլոգիաների միջոցով, քանի որ երկրում հեռահաղորդակցության ենթակառուցվածքը քայքայված է: Տեսականորեն դա կարող են անել բոլորը, սակայն ԻՊ վերահսկողության տակ գտնվող քաղաքներում խմբավորումը վերահսկում է ինտերնետի հասանելիությունը ու նույնիսկ արգելում է անհատներին համապատասխան սարքեր գնել: Միայն ԻՊ մասնագետներն իրավունք ունեն ինտերնետ միացնել: Նա ով չի պահպանում այդ կանոնը՝ դաժան պատժի է արժանանում:
Ինչպես հայտնել է գերմանական պարբերականը, տեխնիկական սարքավորումները Սիրիա են մտնում Թուրքիայի տարածքով: Որպես կանոն, արբանյակային կապի օպերատորները ու սարքավորումների իրացումով զբաղվող ֆիրմաները գիտեն դրանց օգտատերերի գտնվելու վայրը, քանի որ վերջիններս ստիպված են իրենց GPS կոորդինատները թողնել:
Հենց այդ տվյալներն էլ հայտնվել են Spiegel-ի տրամադրության տակ: Պարբերականի տվյալներով, դրանք վկայում են այն մասին, որ արբանյակային ինտերնետի գործածումը թույլատրող սարքերից շատերը գտնվում են ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում:
Իսլամիստները օգտագործում են համացանցը իրար հետ կապ պահպանելու ու իրենց գաղափարները քարոզելու համար, շեշտել է Spiegel–ը:




























