Դանակի 21 հարվածով կնոջը՝ Դիանա Նահապետյանին սպանելու մեջ մեղադրվող Վոլոդյա Մուրադյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է, քանի որ կրկնակի դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

Պաշտպանի խոսքով` մեղադրող դատախազն այս անգամ մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:

Նաիրա Մկրտչյանը նշեց, որ ինքը եւ իր պաշտպանյալը հանաձայն չեն փոփոխված մեղադրանքի հետ. «Համաձայն չենք առաջադրված նոր մեղադրանքին, որովհետեւ չեմ կարծում, որ նա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է եղել: Նա կաշկանդված է եղել եզրակացությամբ»:

Վոլոդյա Մուրադյանը հաստատել է, որ կնոջն ինքն է սպանել, սակայն անգիտակցաբար:

Նշենք, որ 1-ին փորձաքննության եզրակացության համաձայն` Վոլոդյա Մուրադյանը չի եղել աֆեկտի վիճակում, ըստ 2-րդ եւ 3-րդ փորձաքննությունների եզրակացության, սակայն, նա եղել է խիստ հուզական վիճակում: Վոլոդյա Մուրադյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ առանձնակի դաժանությամբ սպանություն, որը պատժվում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի 12-ին Արարատ քաղաքի իրենց բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Դիանա Նահապետյանի հետ, որի ընթացքում կյանքից զրկելու նպատակով ապակյա ծաղկամանով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դիանա Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի և լյարդի վնասվածքներ, ներքին և արտաքին արյունահոսություն։ Դիանա Նահապետյանը տեղում մահացել է։ Այս տեսարանին ներկա են եղել Դիանայի 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս գալով փողոց՝ փորձել են օգնություն խնդրել հարևաններից, բայց ոչ ոք չի արձագանքել: