ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ահաբեկչական գաղափարախոսության տարածման պատճառներից մեկը գլոբալ հումանիտար ճգնաժամերն են, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխությունը։ Այս մասին նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Երբ դուք ուշադրություն դարձնեք օվկիանոսի մակարդակի բարձրացմանը, եղանակի փոփոխությանը, որոնց պատճառով հնարավոր չէ բավարար քանակով պարենամթերք ստանալ, ապա կտեսնեք ճգնաժամերը, որոնք անհնար է հաղթահարել ծովային հետեւակայիններ կամ լրացուցիչ միջոցներ տեղակայելու հաշվին»,- ասել է նախագահը։
Օբաման նշել է, որ երբ մարդկությունը ճնշման տակ է գտնվում, վատ բաներ են տեղի ունենում։ Նրա խոսքով՝ այն տեղերում, որտեղ մարդիկ հուսահատ վիճակում են, որտեղ նրանք սննդամթերք չունեն եւ ստիպված են փախչել, ծագում են վտանգավոր գաղափարախոսություններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ ահաբեկչությունն ամեն դեպքում կհաղթահարվի։




























