Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում 3 անգամ տվեց «Ժառանգություն» կուսակցության անունը, ինչը ապացուցում է նրա եւ նրա վարչակարգի սնանկությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը։

Նրա խոսքով Սերժ Սարգսյանը մեղադրում է իրենց Արցախի եւ Հայաստանի վերամիավորման հարցը օրակարգ բերելու համար,. մինչդեռ ինքը որպես արցախցի եւ Արցախի ազատամարտին մասնակցած անձ պետք է աշխարհի բոլոր հնարավոր ամբիոններից հնչեցներ այդ հարցը։

«Այդ պայքարը նրա համար չէր, որ 30 000 զոհ տայինք, հետո 20 տարի անց վախենայինք աշխարհին ասել, որ մենք դրա իրավունք ունենք եւ մեր միակ ճանապարհը Արցախի վերամիավորումն է Հայաստանի հետ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի բնակչությանը վախեցնելուց հետո հիմա սկսել է վախեցնել միջազգային հանրությանը։

«Դիմում է միջազգային հանրությանը, ասում ՝ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Կարող է՝ ես գողացել եմ իշխանությունը, բայց եթե ուզում եք կանխատեսելի, կայուն, ծնկի եկած, սրտկամիտ Հայաստան, ուրեմն գործ ունեցեք ինձ հետ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրականում պատերազմ կլինի այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը, քանի որ միայն ժողովրդի վստահություն ունեցող ղեկավարությունն է ի վիճակի շիտակ խոսել աշխարհի հետ, ասել, որ Հայաստանը ոչ մեկի «գուբերնիան» չէ։