Ռուսական «Կոգալիմավիա» (Metrojet) ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները: Թռիչքային ամբողջ անձնակազմը վճարվող արձակուրդ է գնացել: Դրա պատճառը Եգիպտոսի եւ Թուրքիայի ուղղությամբ զբոսաշրջային թռիչքների դադարեցումն է, «Վեդոմոստի» պարբերականին հայտնել են փոխադրողի ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ հույս ունեն վերականգնել թռիչքները, երբ նոր երթուղիներ կմշակվեն, տեղեկացնում է РСН-ը:
Լրատվամիջոցների տվյալներով, «Կոգալիմավիայի» վերջին չվերթն իրականացվել է նոյեմբերի 25-ին:
Ռուսաստանը նոյեմբերի 6-ին չեղյալ է համարել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը: Դա տեղի է ունեցել Սինայի թերակղզում A321 ուղեւորատար ինքնաթիռի կործանումից հետո: 224 մարդ է զոհվել:
Ռուսաստանյան տուրօպերատորները հրաժարվել էին Թուրքիայի ուղղությամբ չարտերային չվերթներից եւ ուղեգրերի վաճառքից, երբ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24-ը հրթիռահարվել էր թուրքական կործանիչի կողմից:




























