Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ մի շարք փաստաթղթերի արգելափակման համար : Ուկրաինայի Արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարյանա Բեցան Twitter-ի իր էջում հայտնել է, որ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունն արգելափակել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 22-րդ նիստի գրեթե բոլոր ամփոփիչ փաստաթղթերի ընդունումը:
«Խորհրդատվությունների ու բանակցությունների մարաթոնը շարունակվում է: Ռուսական կողմն արգելափակում է գրեթե բոլոր ամփոփիչ փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետագայում ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ արեւմտյան գործընկերները դատապարտել են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու Դոնբասում ՌԴ գործողությունները:
Բացի դրանից Բեցան հայտնել է, որ Ռուսաստանը նաեւ արգելափակել է Ուկրաինայում ԵԱՀԿ մոնիտորինգային հատուկ առաքելության գործունեության մասին հռչակագիրը, հայտնում է NEWS.ru.ua-ն:
Ինչպես հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, ԵԱՀԿ երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման վերաբերյալ ամփոփիչ հռչակագիրը:
«Մենք շատ ցավում ենք, որ մի շարք երկրների կողմից քաղաքականացման պատճառով մեզ չի հաջողվել համաձայնեցնել՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ դերակատարման մասին փաստաթուղթը»,- հայտարարել է դիվանագետը:
Նրա խոքով, կարեւոր է այն փաստը, որ պետությունների բացարձակ մեծամասնության կողմից հնչել են գնահատականներ՝ քաղաքական խաղաղ գործընթացի եւ մինսկյան համալիր միջոցառումների բոլոր դրույթների կատարման այլընտրանք չունենալու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























