Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Հակիմ ալ Զամիլին իր երկրի տարածք ներխուժած Թուրքիայի իշխանություններին սպառնացել է, որ պատասխան ռազմական գործողություններ կձեռնարկի: Այս մասին հայտնել է Voice of Iraq կայքը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի իշխանությունները 130 զինվորական են ուղարկել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի հարակից տարածք՝ իրաքյան քրդերի զինյալներին վարժեցնելու համար:

Սակայն Ալ Զամիլիի խոսքով Իրաքի սահմանը հատած թուրք զինծառայողների կոնտինգենտը հազարների է հասնում: Բացի դրանից, խորհրդարանականը հայտնել է, որ զորքերի հետ միասին Իրաքի տարածք են մտել նաեւ տասնյակ զրահամեքենաներ ու այլ զրահատեխնիկա:

Ալ Զամիլին շեշտել է, որ Իրաքի տարածքում զորքեր մտցնելու վերաբերյալ Թուրքիայի ընդունած որոշումը խախտում է իր երկրի ինքնիշխանությունը: Խորհրդարանականը սպառնացել է, որ թուրք զինծառայողների նկատմամբ ռազմական գործողություններ կձեռնարկվեն, եթե նրանք անհապաղ չլքեն Իրաքի տարածքը, հայտնումէ «ՌԻԱ Նովոստին»:

Ալ Զամիլին նաեւ նշել է, որ երկրի վարչապետ Հայդեր ալ Աբադիին նամակ է ուղարկել, որում խորհուրդ է տվել ավիացիայի միջոցով հարվածներ հասցնել թուրքական զորքերին, որոնք օկուպացիոն են համարվում:

Ավելի վաղ երկրի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողությունները անվանել էր ներխուժում: