Ազատագրված տարածքների մասին արած հայտարարություններով պաշտոնական Անկարան եւս մեկ անգամ ընդգծում է Ադրբեջանին աջակցելու իր դիրքորոշումը, որպեսզի ունենա Բաքվի օժանդակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂՀ ազատագրված տարածքների մասին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը:
Շարմազանովի խոսքով՝ ի դեմս Դավութօղլուի՝ թուրքական իսթեբլիշմենթը համառորեն չի ուզում տեսնել իրենց ուսին նստած սեւ կատվին: «Նրանք պատրաստ են այդ կատվին փնտրել ամենուր, բացի սեփական ուսերից: Ո՛չ Էրդողանը, ո՛չ Դավութօղլուն եւ ո՛չ էլ Թուրքիայում որեւէ մեկը հայկական ազատագրված տարածքները որպես բռնազավթած ներկայացնելու փորձ կատարելու բարոյական իրավունք չունի: Բռնազավթման մասին է խոսում մի երկիր, որը 40 տարի շարունակ օկուպացրած է պահում ԵՄ անդամ Կիպրոսի 38 տոկոսը՝ անտեսելով միջազգային կառույցների կոչերը»:
Շարմազանովն ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը պետք է լքի բռնազավթած տարածքները, դա Թուրքիան է:
«Թուրքիան չի կարող որեւէ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Դավութօղլուն ինքն է նշել դրա պատճառը, այն է՝ կողմնակալ վերաբերմունքը եւ Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:




























