Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Եվրոպայում սովորական սպառազինության նոր վերահսկողության շուրջ, բայց դրա համար արեւմտյան գործընկերները պիտի իրենց առաջարկները ներկայացնեն:  Բելգրադում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի եզրափակիչ նիստին նման հայտարարություն է արել ռուսական պատվիրակությունը: Տեքստը տեղադրված է ՌԴ արտաքին գերատեսչության կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

«Ստիպված ենք արձանագրել, որ այս տարի չհաջողվեց որեւէ որոշում ընդունել ռազմաքաղաքական հարցերով, նշված է փաստաթղթում: Դրա պատճառը` ամենաանվնաս նախագծերը քաղաքականացնելու նրանց փորձերն են, որոնք միշտ «դեմ են առնում» Ուկրաինայի իրավիճակին, ինչպես նաեւ որոշ երկրների` Ռուսաստանին հակադրվելու ընդհանուր գիծը, որն անխուսափելիորեն տանում է սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ռեժիմների, ինչպես նաեւ վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների վարկաբեկման եւ  խարխլման»:

Այնուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է «Եվրոպայում սովորական սպառազինությունների նոր վերահսկողության շուրջ առարկայական խորհրդակցությունների, եթե եւ երբ մեր գործընկերները ներկայացնեն իրենց առաջարկները»: «Անհրաժեշտ ենք համարում մոտակա հեռանկարում զբաղվել  2011-ի Վիեննայի փաստաթղթի իրականացմամբ եւ եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների շուրջ կառուցողական բանավեճի վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ», - ընդգծված է հայտարարության մեջ:  

Մոսկվայում նման պայմանների թվին են դասում «Ռուսաստանի ուժային «զսպումից» հրաժարումը, մեր երկրի հետ նորմալ հարաբերությունների վերականգնումը»:   «ԵԱՀԿ-ն եւ, մասնավորապես, Անվտանգության հարցերում համագործակցության ֆորումը դիտարկում ենք որպես այս ոլորտում երկխոսության առանցքային հարթակ», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: