Նարդարանում նոյեմբերի 26-ի հատուկ գործողության ընթացքում զոհվածների մարմինները դեռեւս չեն հանձնվել հարազատներին: Այդ մասին  Turan-ին տեղեկացրել է գյուղի տարեցներից մեկը` Նատիգ Քերիմովը:  

Նրա խոսքով, զոհվածների մարմինները մետրոյի «Ազի Ասլանով» կայարանի մոտ գտնվող N7 հիվանդանոցի դիահերձարանում են: 

«Մի քանի օր առաջ լուր էր տարածվել, թե  նրանց արդեն թաղել են, բայց չէր հաղորդվել, թե որտեղ, դրա վկաներ չկան: Նույնիսկ ծնողներին չեն ասել, թե նրանց զավակները որտեղ են: Երեխաներին կորցրած ծնողներին առաջարկել են այսօր   13.00-ին գալ Նարդարանի խնջույքների սրահ, որտեղ կքննարկվի մարմինների հանձնման հարցը», - ասել է Քերիմովը:

Միաժամանակ գյուղն առաջվա պես շրջապատված է ոստիկանական ուղեկալներով: Նարդարանի փողոցներում ուժայիններ են պարեկում: Գյուղում արդեն շաբաթից ավելի է` լույս ու գազ չկա: 

Տեղի բնակիչները տաքանում են` տախտակներ, ծառեր այրելով: Առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի էլեկտրականության մատակարարումը: