Առնվազն 19 մարդ է տարհանվել Կասպից ծովի «Գյունեշլի» կոչվող  ծովային նավթագազային հանքավայրի հարթակից, որտեղ հրդեհ է բռնկվել, ասված է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Twitter-ի պաշտոնական էջում:  

SOCAR-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, նավթային 10-րդ ծովային հարթակի վրա հրդեհը սկսվել է նախորդ երեկոյան` գազատարի վնասման հետեւանքով: 

Ճշտվում է, որ միջոցներ են ձեռք առնվել աշխատակիցների տարհանման համար, գործի են դրվել արտակարգ իրավիճակների նախարարության միջոցները, քարշակներ եւ հակահրդեհային նավեր: Նրանց աշխատանքը բարդացել է ուժեղ քամու հետեւանքով: 

Ադրբեջանական  APA  գործակալությունը շաբաթ օրն իր հերթին տեղեկացնում է` վկայակոչելով «Ազնավթ» ընկերությանը կից ստեղծված օպերատիվ շտաբին, որ հարթակից   25 մարդ է տարհանվել, տուժածներ չկան: