ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրն իր ամենշաբաթյա ուղերձում հայտնել է, որ ահաբեկչական գործողությունները չեն կարողանա վախեցնել ամերիկացիներին:
Նախօրեին ՀԴԲ-ն հայտնել էր, որ Կալիֆորնիայում բազմաթիվ զոհերի պատճառ դարձած հարձակումը որպես ահաբեկչական գործողություն է գնահատում:
«Նախագահի պաշտոնում ինձ համար ամենամեծ առաջնահերթությունը ամերիկացի ժողովրդի անվտանգությունն է: Այս աշխատանքը պիտի միավորի մեզ բոլորիս, որպեսզի մենք` ամերիկացիներս, կարողանանք մեր կարեցածն անել մեր երկիրը պաշտպանելու համար»,- ասել է Օբաման, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հավատարիմ կմնանք ազատ եւ բաց հասարակության մեր սկզբունքներին: Մենք ուժեղ ենք, ամուր ենք, մեզ չի կարելի ահաբեկել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Սայեդ Ռիզվան Ֆարուքն ու նրա կինը` Թաշֆին Մալիքը, երկու ինքնաձիգով եւ երկու ատրճանակով զինված, չորեքշաբթի Սան-Բեռնարդինոյում (Կալիֆորնիայի նահանգ) 14 մարդ էին սպանել եւ վիրավորել էին 21-ին: Դեպքի վայրից փախչելուց մի քանի ժամ անց ոստիկանությունը սպանել էր նրանց երկուսին էլ: Ոստիկանությունն ուսումնասիրում է այն հնարավորությունը, որ Ֆարուքը եւ Մալիքը հարձակումն իրականացրել են ծայրահեղական դրդապատճառներով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիքը Facebook-ում գրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» (արաբական անունը` ԴԱԵՇ) խմբավորմանն աջակցելու մասին:




























