Եմենի Ադեն քաղաքում զինված տղամարդը սպանել է դատավոր Մոհսեն Ալուանին, որը հայտնի է «Ալ Կաիդա» խմբավորման անդամների վերաբերյալ իր դատավճիռներով, տեղեկացնում է Associated Press-ը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով` մոտոցիկլետով հանցագործը քաղաքի շրջաններից մեկում կրակ է բացել դատավորի մեքենայի ուղղությամբ: Գնդակոծության հետեւանքով մահացել է դատավորը եւ եւս երեք մարդ, գրում է Gazeta-ն:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել պատասխանատվությունը հանցագործության համար, սակայն ենթադրվում է, որ դա կատարել են Եմենում գործող «Ալ Կաիդա» խմբավորման անդամները:
Նշվում է, որ գրոհայինները մինչ այդ էլ իրենց գրոհների ընթացքում մոտոցիկլետներ են օգտագործել:



























