Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի զինված ուժերի ներթափանցումը Իրաքի տարածք եւ իր համերաշխությունն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ պետական գործակալությունը։

«Սիրիան խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի սահմանները խախտելը։ Դա այն ապակառուցողական դերի շարունակությունն է, որը խաղում է Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցության կառավարությունը Սիրիայի եւ Իրաքի հարցում՝ հարձակվելով երկրի ինքնիշխանության վրա եւ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին»,- ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Սիրիան կարծում է, որ թուրք զինվորականների ներթափանցումը Իրաք պետության ինքնիշխանության ոտնահարում է։

Իրաքի իշխանությունների տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին Թուրքիայի տանկային գումարտակը քրդական ժողովրդական ջոկատներին մարզելու պատրվակով մտել էր Իրաքի Նայնավա նահանգ։