Նորքի 9-րդ զանգվածում հաշվառված երեք անձանց փոխարեն քվեարկած է եղել, իսկ հանձնաժողովը որեւէ կերպ չի արձագանքել: Այդ մասին Facebook-ի իր էջոմ գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
«Նոր-Նորքի 9-րդ զանգվածի 15 շենքի 114 բնակարանում հաշվառված երեք քաղաքացիներ՝ Հռիփսիմե Կարապետի Դեմիրճյանը, Թամարա Վանիկի Բարսեղյանը, Մարինե Կարապետի Փափազյանը գնացել են իրենց տեղամաս՝ 119 մանկապարտեզ (2/32) քվեարկելու։ Ընտրողները հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է։ Հանձնաժողովի նախագահը եւ անդամները ոչ միայն ականատես են եղել դրան, այլեւ ոչ մի բան չեն ձեռնարկել կատարվածը պարզելու, կեղծիքը արձանագրելու եւ ընտրողի քվեարկության իրավունքը ապահովելու համար՝ ասելով, որ ոչինչ չեն կարող անել։ Հակառակը՝ փորձել են «ամոթանք» տալ ընտրողներին «աղմուկ» բարձրացնելու համար։
Երեք քաղաքացիները զարմացած են եղել նաեւ ոստիկանության պահվածքից, որը ոչ մի կերպ չի միջամտել ու արձագանքել, ինչպես նաեւ վստահված անձանց ու դիտորդներ լռությունից. մինչեւ այժմ էլ չեն հասկանում՝ ընդդիմադիր անդամներ, վստահված անձինք ու դիտորդներ եղել են թե ոչ։ Այդպիսով, ոչ մեկ չի էլ օգնել նրանց արձանագրելու խախտումը։ Վրդովված քաղաքացիները զանգել են ԿԸՀ ու տեղյակ պահել։ Բայց, ինքներդ եք հասկանում, ԿԸՀ Բանդան ասելու է, որ ոչ մի բողոք չի ստացել, քանի որ զանգ է եղել։ Քաղաքացիների խնդրանքով ու նրանց անունից սույն հաղորդագրությունը տեղադրում եմ դիտորդական կազմակերպությունների համար»,- նշել է Սաֆարյանը։




























