Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ընտրատեղամասում ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մեր ներկայացուցչին ծեծի են ենթարկել «Ժուռնալիստների միության» շենքում տեղակայված ընտրատեղամասում: Այսօր բազմաթիվ ընտրախախտումներ են եղել, այդ մասին կան փաստեր, տեսագրություններ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ իրենք են հայտնաբերել ընտրախախտումներ, ահազանգել, որից հետո ոստիկանությունն արձագանքել է:
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը ժամը 20:00-ին ավարտվել է, սկսվել է քվեների հաշվարկը:
Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 1 մլն 5 հազար 333 քաղաքացի, որոնցից Երեւանում՝ 305368 քաղաքացի:
Ընտրությունների մասնակիցների նախնական տվյալները հայտնի կլինեն ժամը 21-ից հետո:
Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:



























