Հանրաքվեն հաստատեց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր առանցքային պարտավորությունները՝ թույլ տալով քաղաքացիներին ազատ կամարտահայտվել Սահմանադրության փոփոխությունների հարցով։ Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդական առաքելության ղեկավար Ակրամշո Ֆելալիեւը։
Նա նշել է, որ անցկացրած մշտադիտարկման արդյունքում անհրաժեշտ է նշել հետեւյալը՝ հանրաքվեի անցկացման հանձնաժողովների ձեւավորման կարգն ապահովել է դրանց կազմում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությունը, ինչը երաշխավորել է հանձնաժողովների աշխատանքի անաչառությունը։ «Ընտրական գործընթացի թափանցիկությանը նպաստել են ընտրատեղամասերում ազգային եւ միջազգային դիտորդները, քաղաքական կուսակցությունների վստահված անձինք, լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- ընդգծել է Ակրամշո Ֆելալիեւը։
Նրա խոսքով ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդների խումբը եկել է հետեւյալ եզրակացությանը. Ազգային օրենսդրությանը եւ միջազգային ընտրական չափանիշներն ամրագրող հիմնարար փաստաթղթերին համապատասխան՝ հանրաքվեն հաստատել է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր առանցքային պարտավորությունները՝ թույլ տալով քաղաքացիներին ազատ կամարտահայտվել Սահմանադրության փոփոխությունների հարցով։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824:




























