Ժողովուրդը երեկ աներկբա «ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին, բայց դրանք անխնա կեղծվեցին, օգտագործելով ապօրինությունների ողջ զինանոցը, որին իշխանությունները տիրապետում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ_ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Մենք այս նստաշրջանի աշխատանքները բոյկոտում ենք, որովհետեւ շատ դժվար է այսքանից հետո նստել մարդկանց հետ, որոնք կրում են կատարված ոճրագործության համար պատասխանատվությունը: Տեղի է ունեցել ժողովրդի կամքի բռնաբարություն»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե իշխանությունը պնդում է, որ ընտրակեղծիքների մասին խոսելու փոխարեն թող փաստեր ներկայացնեն, մասնավորապես 500 հազար ձայներ կեղծվելու մասին, Լեւոն Զուրաբյանն արձագանքելն է. «Նախ եւ առաջ փաստերը ծով են, մենք ներկայացնելու ենք դրանք: Ինչ վերաբերում է 500 հազար ձայների կեղծմանը, բնականաբար, շատ դժվար է եւ ոչ ոք չի կարող ձեզ ճշգրիտ տվյալ տալ, թե իրականում քանի ձայն է կեղծվել: Խոսքը մոտավոր գնահատականի մասին է: Անգամ փոքր կարողությունների տեր մարդը վերլուծելով ժողովրդագրական տվյալները կարող է այդ եզրակացությանը գալ: 1995-ի Սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1,2 մլն մարդ: Այն ժամանակ եւ բնակչությունն ավելի ակտիվ էր, եւ ավելի շատ բնակչություն կար: 2005-ին, երբ բոլոր դիտորդները նշում էին, որ տեղամասերը դատարկ էին, արձանագրվեց մասնակցության 1,5 մլն թիվը, որը ոչ մի աղերս չուներ իրականության հետ: Այսինքն շատ լավ գիտեք, որ եւ բնակչությունն է թողել գնացել, պաշտոնապես 350 հազար մարդ: Ակնհայտ է, որ թվերն ուռճացված են»,-ընդգծել է Զուրաբյանը:
«Կա ընթացակարգ բողոքների ներկայացման, թույլ տվեք անցնեք այդ ընթացակարգով: Այո, կներկայացնենք այդ փաստերը»,-ասել է նա:




























