Գյումրիում առանձնապես բան չի եղել, ընդամենը քվեարկության արդյունքներով «Այո»-ի եւ «Ոչ»-ի միջեւ 10 տոկոսի տարբերություն է արձանագրվել: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով Գյումրիում «Ոչ»-ի բացարձակ հաղթանակին, այսպես բնութագրեց իրավիճակը: Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Գյումրիում ընթացել է «Ոչ»-ի բացարձակ հաղթանակով: Գյումրիի 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների համաձայն` «Այո »-ի օգտին 40.75% է քվեարկել, «Ոչ»-ի օգտին` 52.25%: Թեմայի շուրջ զրուցել ենք մարզպետի հետ:
Պարոն Ցոլակյան, Գյումրիում «Ոչ»-ը հաղթել է, ինչպե՞ ս եք ընդունել հաղթանակը:
Ի՞նչ կա դրա մեջ, նորմալ է, մարդիկ իրենց կարծիքն են հայտնել, ես ինչ պիտի ասեմ: Ինչքան պետք է եղել «Այո», ունեցել ենք, մարզում «Այո»-ն է հաղթել…
Ի՞ նչն է պատճառը, որ Գյումրիում չհաջողվեց ձեր ցանկալի քվեն ապահովել:
Եթե տանեք համեմատություն անեք նախորդ անգամների հետ, կտեսնեք, որ այս անգամ բավականին բարձր տոկոս է հավաքվել «Այո»-ի օգտին, չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա: Գյումրիում էլ առանձնապես մեծ բան չի եղել, 10 տոկոսի տարբերություն է եղել, մարդիկ բոլոր տեղերն էլ իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն են ունեցել: Մյուս բնակավայրերում էլ երկուսն էլ եղել են:
Քվեարկության պատկերը ինչի՞ մասին է վկայում, մարզային իշխանությունն ի՞ նչ հետեւություն է արել:
Քվեարկություն եղել է, մարդիկ իրենց կարծիքն են հայտնել, նորմալ երեւույթ է, ինչի մասին է խոսքը, հիմի որ հանկարծ հակառակ պատկերը լիներ, ուրիշ բան կասեիք, չէ՞: Ինչ պիտի անեն իշխանությունները, պիտի աշխատեն, պիտի շարունակեն քաղաքի վերակառուցման իրենց առաքելությունը կատարել, ինչպես որ պետք է անեն:
Կարո՞ղ է Գյումրիի քաղաքապետի հետագա պաշտոնավարման հարցում Գյումրիում «Ոչ»-ի հաղթանակը վճռորոշ լինել:
Ոչ մի բանի վրա էլ բացարձակ ազդեցություն չունի, էն ինչ-որ անում էինք, էն էլ շարունակում ենք անել:
Հանրաքվեի արդյունքներից ելնելով` կարծո՞ւմ եք, որ գյումրեցիները նաեւ փողոց դուրս կգան` մասնակցելու ընդզվումներին:
Ես չեմ տեսնում նման բան:
Գյումրիի «Ոչ»-ը իշխանությունների նկատմամբ անվստահության, հիասթափության արտահայտությո՞ւնն եք համարում:
Ոչ, ոչ, ես չեմ կարող նման բան արձանագրել, արդյունքները հակառակն են ասում, ես արդյուքներով եմ խոսում: Եթե մի մասը էդպես է խոսում, դա չի նշանակում, որ ամբողջ ժողովուրդն է խոսում դրա մասին: Բա պիտի որոշ տեղերում էլ «Ոչ»-ը հաղթեր, որ տոոկսներ գոյանար, ես դա շատ բնական եմ համարում, ոչ մի արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ: Նորմալ եմ համարում, որ մարդիկ էդ ձեւով են արտահայտում իրենց կարծիքը:
Սահմանադրության փոփոխությունը հիմնավորում էիք, թե ժողովրդավարական երկրի հիմք եք դնում: Ընտրատեղամասերում արձանագրված խախտումների, մեծ թվով «Ոչ»-ը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները համադրելով` կարո՞ղ եք բնութագրել` ինչպիսի երկրի հիմք է դրվում:
Ես պատասխանատու եմ այն տարածքի համար, որտեղ ես աշխատել եմ ու այո, կարող եք իմ կողմից բնութագրել Ձեր նշած բառով (նկատի ունի ժողովրդավարական` Գ.Ս):




























