Բաքվի Վերաքննիչ դատարանում կայացել է Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու Արիֆ Յունուսի գործով նիստը։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Վուգար Մամեդովի նախագահությամբ կայացած նիստում փաստաբանները պահանջել են արդարացնել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին։

Դատարանը որոշում է կայացրել, որում նշվում է, որ դատարանը հիմքեր չի տեսնում արդարացման դատավճիռ կայացնելու  համար։ Սակայն դատարանը որոշել է, որ վճիռը պետք է փոխվի։ ՔՕ 320-րդ հոդվածով ներկայացված մեղադրանքի ժամկետի լրանալու կապակցությամբ այդ հոդվածը վճռից հանվել է։

8,5 տարի ազատազրկում նախատեսող Լեյլա Յունուսի պատիժը փոխարինվել է 5 տարվա պայմանական ազատազրկմամբ։ Նրա նկատմամբ խափանման միջոցը որպես կալանք ընտրելը չեղարկվել է։ Լեյլա Յունուսը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Միաժամանակ Արիֆ Յունուսի 7 տարվա ազատազրկումը փոխարինվել է 5 տարվա պայմանական փորձաշրջանի։ Դատարանը նաեւ չեղարկել է նրանց դստեր Դինարա Յունուսի տան բռնագրավման մասին որոշումը։

Նշենք, որ Լեյլա Յունուսին մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ  (պետական դավաճանություն), 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով), 192.2.2 (ապօրինի ձեռներեցություն),  213.2.2  (խոշոր չափի հարկերից խուսափում), 320.1 (վկայականի կամ այլ պաշտոնական փաստաթղթի կեղծում), 320.2 (320.1 հոդվածով նշված կեղծ փաստաթղթերի օգտագործում) հոդվածների հատկանիշներով։ Արիֆ Յունուսին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274 (պետական դավաճանություն) եւ 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով) հոդվածների հատկանիշներով։