Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում կադրային զտումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ազգային անվտանգության առաջին փոխնախարար Մադաթ Գուլիեւը հայտնել է, որ այդ պաշտոնում իր նշանակումից հետո «250 անօգուտ աշխատակիցներ հեռացվել են»:
Գուլիեւն ընդգծել է, որ ազատված աշխատակիցների փոխարեն ոչ թե պետք է նոր մարդիկ ընդունել, այլ ընդհակառակը, կրճատումներ իրականացնել: «Մենք կարծում ենք, որ նախարարության հաստիքային կազմը պետք է աշխատակիցների ու օպերատիվ ծառայողների առումով մեծ չլինի»,-ասել է Գուլիեւը:
Նա նաեւ նշել է, որ նախկինում տարբեր պատճառներով աշխատանքից ազատված աշխատակիցները կրկին անցնում են իրենց ծառայողական պարտականություններին: Գուլիեւը պատմել է ԱԱՆ-ում իրադարձությունների հետ կապված քրեական գործի ընթացքի մասին: «Ներկայումս քրեական գործը շարունակվում է, եւ եթե գործով անցնողների մեղքն ապացուցվի, նրանց կկալանավորեն: Այս գործով ով օրենքը խախտել է, նա էլ պատասխան կտա»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ԱԱՆ-ից «ամենազոր» Էլդար Մահմուդովի սկանդալային հեռացումից հետո հետաքրքիր մանրամասներ են պարզվել Ադրբեջանի ԱԱՆ գործունեության մասին: Այդ կառույցը զբաղվել է շորթումներով, մարդկանց առեւանգումներով եւ այլն:




























