Երեւանի Բաշինջաղյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավազակային հարձակում կատարելու պահին վնասված ու հիվանդանոցում մահացած անձի ինքնությունը հայտնի է։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա 39-ամյա Գեւորգ Սարգսյանն է, որը նախկինում ունեցել է սեփական բենզալցակայան։
Նախնական տեղեկություններով՝ավազակային հարձակում կատարելու պահին տանը եղել են «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի կինը եւ զոքանչը։ Տանը եղել են նաեւ մանկահասակ երեխաներ։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ տանը գտնվող անձանցից ով է դանակով հարվածել հարձակում կատարողին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 2 կին:
Հիվանդանոց տեղափոխված կանայք այս պահին գտնվում են ԲԿ-ի ընդհանուր վիրաբուժության կլինիկայում:
«Երկուսի վիճակն էլ բավարար է, ունեն վնասվածքներ, այս պահին մեզ մոտ բուժում են ստանում»,- հայտնեցին հիվանդանոցից:
Ոստիկանության Մաշտոցի բաժին դեկտեմբերի 15-ին 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ըստ Shamshyan.com-ի՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանտիրուհին. երբ հարձակվողը կրակել է երիտասարդ աղջկա վրա, տանտիրուհին փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը մահացու վնասվածք է ստացել:




























