Ամեն անգամ, երբ զինվոր է մահանում, դիվանագիտական ու քաղաքական վեկտորը ձախողում է գրանցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով, իհարկե, հանդիպումներ պետք են, բայց պետք է հնչեն քաղաքական հայտարարություններ: «Նշանակություն չունի, ինչի արդյունքում մենք սահմանին զոհեր ունենք՝ հիբրիդային, թե լայնամասշտաբ պատերազմի»,-ասել է Սեդրակյանը:
Նրա կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների լարման հետեւանքով կարող են կտրուկ փոփոխություններ տեղի ունենալ նաեւ Հայաստանի առաջնահերթությունների մեջ: «Դա լինելու է ՆԱՏՕ-ՀԱՊԿ դիմակայություն, որի մասին հնչում է երկկողմ ռազմաշուչ հռետորություն, բայց կա հույս, որ հռետորությունը կմնա ճիչերի մակարդակում, քանի որ հակամարտության թիրախն, առաջին հերթին, մենք ենք լինելու»,-ընդգծել է Անուշ Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:
վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:



























