Սիրիայի Հալեպ քաղաքից 3 տարի առաջ կնոջ ու դստեր հետ Հայաստան եկած 47-ամյա Հովհաննես Աշջյանը առաջին անգամ Նոր տարին Երեւանում նշելիս բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնել։ NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Աշջյանը նշեց, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ընտանիքը մնացել է առանց հացի, քանի որ նախապես հաց չի գնել եւ այդ օրերին Երեւանում բաց խանութներ չեն եղել, իսկ եթե եղել էլ են՝ հաց չի եղել։

«Առաջին տարին շատ-շատ դժվար էր մեզ համար, շատ խնդիրների առաջ կանգնեցինք, 3 օր առանց հացի էինք մնացել, մեզ համար շատ զարմանալի էր, որ այդ օրերին խանութները փակ են լինում, հաց չի լինում, հետո հասկացա, որ մի 4 օրվա հաշվարկ պետք է անել, որ նման խնդիրներ չունենանք»,-ասաց Հովհաննես Աշջյանը։

Հովհաննես Աշջյանը նշեց, որ Հայաստանում եւ Սիրիայում Նոր տարին տարբեր ձեւով են տոնում՝ կապված Նոր տարին տոնելու օրերի քանակի հետ,  տան զարդարանքի եւ ուտեստների հետ։

«Սիրիայում ընդամենը 1 օր՝ դեկտեմբերի 31-ին էինք նշում Նոր տարին. մոտ բարեկամներով հավաքվում էինք տանն ու տոնում, իսկ եթե շատ էինք լինում, այն ռեստորանում էինք նշում, մինչեւ առավոտ քեֆ անում։ Չէինք գնում բարեկամների տները, մի քանի օր ուտում-խմում։ Այստեղ հակառակն է. մի շաբաթ տոնում են։ Ընդամենը 1 օր արձակուրդ ունեինք՝ հունվարի 1-ին, այդ օրն էլ եկեղեցի էինք գնում, պատարագի մասնակցում»,-պատմեց Հովհաննեսը։

Տոնական սեղանի ավանդույթները նույնպես շատ տարբեր են։ Սիրիայում սեղանի պարտադիր ուտեստներից են եղել մածունով քյուֆթան, լցոնած գառը եւ շառման՝ դոլման։

«Անպայման բոլորը մածունով քյուֆթա էին սարքում, բրնձով լցոնած գառ՝ այստեղի խոզի բդի փոխարեն, ու շառմա։ Այստեղ անպայման շատ խմիչքների տեսականի, բուդ եւ այլ ուտեստներ պետք է ունենաս, մարդիկ անգամ լոմբարդ են գնում, որ գեղեցիկ սեղան ունենան, մեզ մոտ այդպես չէր՝ ինչ ունենում, դնում էինք։ Ծախսերի առումով տարբերությունը մեծ է, Սիրիայում էլ էր Նոր տարվա նախաշեմին ամեն ինչ թանկանում, բայց ինչքան էլ թանկանար, կարողանում էինք ճոխ սեղան գցել, բայց այստեղ չենք կարողանում։ Այստեղ շատ թանկ է, մանավանդ մեզ համար»,-ասաց Հովհաննեսը։

Հովհաննեսը «տոնածառ» բառն առաջին անգամ Հայաստանում է լսել, Սիրիայում իրենք  Սուրբ ծնունդի ծառ են ասում՝ Հիսուսի ծառ, քանի որ այն ոչ թե տոնի համար են զարդարում, այլ սուրբ ծնունդի։

 «Անպայման Սուրբ ծնունդի ծառի կողքին դնում էինք Մարիամ Աստվածածնի, մանուկ Հիսուսի,  հովիվների  փոքր արձանիկները եւ ստանում Հիսուսի ծննդյան պատկերը։ Այստեղ Երեւանում փորձում ենք նույն ձեւով զարդարել, փորձում ենք նաեւ նույն ձեւով նշել Նոր տարին, որոշ չափով ստացվում է»,-ասաց նա։

Հովհաննեսի համար զարմանալի է, որ Սուրբ ծնունդը Հայաստանում ավելի քիչ է կարեւորվում, քան Ամանորը։ Սիրիայում Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին, 3 օր տանն են մնում։