Երեւանի բնակիչ, 29-ամյա Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քաղաքացի Հալիլ Իչին դանակով սպառնալու, ապա դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Նախաքննությամբ պարզվել է, որ Էդգար Պետրոսյանն իր ավտոմեքենայով Թուրքիայի քաղաքացի Հալիլ Իչին հերթական անգամ տեղափոխելու ժամանակ գումարային պարտք ու պահանջի հետ կապված վիճաբանության է բռնվել վերջինի հետ, ինչի ընթացքում դանակ բարձրացնելով եւ թափահարելով՝ սպառնացել է սպանել եւ Հալիլ Իչի մոտ վախի, տագնապի եւ իր անվտանգության համար անհանգստանալու զգացում է առաջացրել:
Սակայն Հալիլ Իչը, խլելով դանակը ու դուրս գալով ավտոմեքենայից, դիմել է փախուստի: Էդգար Պետրոսյանը, փախուստը կանխելու դիտավորությամբ ավտոմեքենայի լուսարձակները միացնելով, հետապնդել է Հալիլ Իչին, դիտավորյալ վրաերթի ենթարկել վերջինին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:



























