ԵԱՀԿ գագաթաժողովը, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Աստանայում, կարող է չեղյալ հայտարարվել Վրաստանի խնդիրների պատճառով, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն` «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կպայմանավորվեն հիմնական սկզբունքների եւ գագաթաժողովի աշխատանքների պլանների մասին։ Իհարկե, կլինեն շատ հարցեր, որոնց շուրջ մեկ ընդհանուր հայտարարի գալը հեշտ չի լինի։ Այդ տեսանկյունից հատուկ է հատկապես Վրաստանը։ Սա երկիր է, որի հանդեպ ԵԱՀԿ անդամները տարբեր մոտեցումներ ունեն։ Հետաքրքիր է՝ կկարողանա՞ն կողմերը հարգանքով մոտենալ միմյանց կարծիքներին եւ ընդունել կառուցողական որոշումներ։ Հակառակ դեպքում Վրաստանի հարցը կարող է լուրջ պառակտում մտցնել գագաթաժողովի մեջ, եւ հանդիպումը կարող է հայտնվել ձախողման վտանգի տակ»,- հայտարարել է Բրիշամբոն։
Վրաստան կատարած այցի շրջանակներում Բրիշամբոն այցելել էր փախստականների բնակության վայրեր, հանդիպել է ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ ընդդիմության հետ։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։ Թբիլիսին այդ հանրապետությունները հայտարարել էր բռնազավթված տարածքներ եւ դադարեցրել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։





























