Ռոսպոտրեբնադզորը հունվարի 1-ից ստուգումներ կսկսի թուրքական ապրանք հայտնաբերելու ուղղությամբ: Ուժեղացված վերահսկողություն եւ մոնիտորինգ է իրականացվում սահմանին, պահեստներում, ինչպես նաեւ մանրածախ վաճառքում: Այդ մասին հայտնել է տեսչության ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այո, իհարկե, հունվարի 1-ից մենք կսկսենք վերահսկել ՌԴ տարածքում արգելված ապրանքների հայտնվելը, ավելի շուտ` չհայտնվելը: Մեծ ռիսկեր կան, որ այդ արտադրանքը կսկսի գալ երրորդ երկրներով, մենք արդեն պատրաստվում ենք դրան», — պատմել է նա «Ինտերնետ-տնտեսություն» ֆորումի միջանցքներում:
Նա նաեւ նշել է, որ տեսչությունը չի սպասում մինչեւ Նոր տարին, այլ հիմա արդեն պատրաստվում է ստուգումների: Ռոսպոտրեբնադզորը դրա համար իրականացնում է «բոլոր անհրաժեշտ միջոցառումները»:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մինպրոմտորգն առաջարկել է արգելել թուրքական ապրանքների 70-80 տոկոսի ներմուծումը:



























