«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալ, լրագրող Ռաուֆ Միրկադիրովին:
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ադրբեջանական դատարանը վաղը պիտի որոշում կայացնի Ռաուֆ Միրկադիրովի ազատ արձակման վերաբերյալ` անկախ լրագրողի, որը 2014-ի ապրիլին ձերբակալվել էր պետական դավաճանության մեղադրանքով: Դեկտեմբերի 16 –ին դատախազը խնդրել է նրան յոթ տարվա ազատազրկման դատապարտել:
«Ինչպես Խադիջա Իսմայլիովայի, Հիլալ Մամեդովի եւ շատ ուրիշների նկատմամբ դատավարությունները, Միրկադիրովի հանդեպ դատավարությունը եւս արդարադատության հետ ոչ մի ընդհանուր բան չունի», - ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ:
«Մենք իշխանություններին դարձյալ կոչ ենք անում դադարեցնել այդ հետապնդումը եւ ազատ արձակել Միրկադիրովին, որի առողջությունը 18-ամսյա կալանքի ընթացքում վատացել է», - նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ լրագրողը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:




























