Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) պետք է սերտ համագործակցություն զարգացնեն, իսկ ապագայում նրանք կարող են միավորվել մեկ կառույցի մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
«ՇՀԿ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ փոխգործակցությունը պետք է զարգացնել, այդ երկու կազմակերպությունները պետք է շատ սերտ համագործակցեն»,-հայտարարել է Աթամբաեւը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա հույս է հայտնել, որ ապագայում այդ երկու կազմակերպությունները կմիավորվեն, քանի որ ունեն ընդհանուր տնտեսական շահեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ ԵՏՄ-ն ստեղծվել է 2014-ին՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի մաքսային միության հիմքի վրա: Այժմ ԵՏՄ անդամ են նաեւ Հայաստանն ու Ղրղզստանը:
ՇՀԿ անդամ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Այս կառույցում դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը եւ Աֆղանստանը:
Այս տարվա հուլիսի 10-ին սկսվել է Հնդկաստանի եւ Պակիստանի ՇՀԿ անդամակցության ընթացակարգը:


























