Պեկինի դատարանը մահվան է դատապարտել վարորդին, որն անցած տարվա դեկտեմբերին միտումնավոր վրայերթի էր ենթարկել հետիոտնին, ինչի հետեւանքով երեք մարդ էր զոհվել, տասն էլ վիրավորվել: «Խուանյցյու շիբաօ» ինտերնետային պարբերականը հայտնում է, որ հինգշաբթի դատարանը մեղավոր է ճանաչել 61-ամյա Ցզին Ֆուշենին «վտանգավոր գործողությունների միջոցով հասարակական անվտանգության խաթարման համար»:

Ըստ դատավճռի՝ Ցզինը նաեւ ցմահ զրկված է քաղաքական իրավունքներից: 2014 թ . դեկտեմբերի 26-ին տղամարդը սկզբում վրայերթի էր ենթարկել մի հետիոտնի՝ Պեկինի խոշորագույն մարզադաշտից ոչ հեռու, իսկ հետո բարձր արագությամբ մարդատար մեքենան ուղղել է հենց մարդկանց ամբոխի վրա: Ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, Ցզին Ֆուշենը այդ ձեւով իր դժգոհությունն էր արտահայտում այն դատավարության կապակցությամբ, որտեղ ինքը պարտություն էր կրել, հայտնում է ՏԱՍՍ-ը: