Հայաստանում 2015 թվականի 11 ամիսների տվյալներով, արձանագրվել է ավտովթարների թվի աճի միտման նվազում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, հաշվառվել է 3104 ավտոճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով մահացել է 308 մարդ:
Նախորդ տարվա համեմատ 207-ով ավելացել է ավտովթարների թիվը, զոհերի թիվն ավելացել է 30-ով,իսկ վիրավորներինը՝ 184-ով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարների եւ զոհերի թվի աճ կա, սակայն նվազել է այդ աճը: Եթե 2014-ին աճը կազմում էր մոտ 12 տոկոս, ապա այս տարի՝ 7 տոկոս: Այսինքն, կարողացել ենք որոշակիորեն մեղմացնել աճի միտումը: 2011-ից ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ արձանագրվել է ավտովթարների աճ, հաշվի առնելով, որ բոլոր ավտովթարներն արձանագրվում են, ուստի ամեն տարի շուրջ 12 տոկոսով ավտովթաների աճ էր գրանցվում»,-նշել է Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, վերջին 5 տարիներին Հայաստան է ներկրվել ավելի քան 150 հազար մեքենա: Նորիկ Սարգսյանը նշել է, որ մեքենաների նման հոսքը չէր կարող չնպաստել ավտովթարների աճին:




























