Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 21-ին տվել է հանձնարարական, որի համաձայն, տոնական օրերին մայրաքաղաքի կրթական հաստատություններում ջեռուցման համակարգի, էլեկտրասարքավորումների, ջրամատակարարման անխափան աշխատանքներն ապահովելու նպատակով հերթապահություն կսահմանեն համապատասխան մասնագետները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ հերքելով տեղեկությունները, թե հերթապահություն պետք է սահմանեն ուսուցիչները:
«Անշուշտ, ոչ աշխատանքային օրերին ուսուցիչները կարող են հաճախել դպրոց՝ աշխատանքային ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու, փաստաթղթային տնտեսությունը վերանայելու եւ բացթողումները լրացնելու նպատակով, ինչը սակայն չի կարող որեւէ կերպ դիտվել որպես հերթապահություն»,- գրել է Գայանե Սողոմոնյանը:
Նշենք, որ որոշումից հետո ուսուցչուհի Օ. Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դուք տեղյա՞կ եք այդ շրջաբերականից, որն ուղարկվել է դպրոցի տնօրեններին: Եթե այո, ապա ո՞րն է հերթապահության իմաստը, երբ դպրոցում աշակերտ չկա, ողջ հանրապետությունը հանգստանում է, իսկ աշխատանքային օրերը վերսկսվելու են հունվարի 11-ից: Եթե տեղյակ չեք, ապա ու՞մ «պայծառ» ուղեղում է նման «փայլուն» միտք ծագել: Պարո՛ն քաղաքապետ, Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է ոչ աշխատանքային օրերը՝ տոնական եւ հիշատակի օրերը»:
Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ հենց այդ ուսուցչուհին նկատողություն է ստացել:
«Ըստ էության, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տրվել է հանձնարարական, համաձայն որի Սույն հանձնարարականը աշխատակցի կողմից ոչ ճիշտ ընկալելու եւ վերջինիս կողմից թույլ տրված անփութության արդյունքում ներկայացվել է որպես ուսուցիչների կողմից հերթապահություն սահմանելու մասին հանձնարարական: Հարկ եմ համարում նաեւ տեղեկացնել, որ ցուցաբերած անփութության համար համապատասխան աշխատակցին հայտարարվել է նկատողություն»,- ասել է Գայանե Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ապահովել օպերատիվ հերթապահություն: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով:



























