Մենք մշտապես հանդես ենք եկել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկների օգտին՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը եւ իրականացումը։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով NEWS.am-ին հարցին, թե ինչպես է ղարաբաղյան կողմը վերաբերվում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծելու առաջարկին:
«Դա, թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին»,-ասել է նախարարը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարում է համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանն ուղղված բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, Հայաստանն, իր հերթին, հայտարարում է այն մասին, որ նախքան խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները ղարաբաղյան կողմը պետք է իր համաձայնությունը տա այն հիմնարար սկզբունքներին, որոնց հիման վրա կմշակվի համապարփակ համաձայնագիրը: Ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը նման համապարփակ համաձայնագրի մշակմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ, ԼՂՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Ադրբեջանի այս նախաձեռնությունը գնահատում եմ ոչ այլ կերպ, քան դիվանագիտական հնարք՝ ուղղված բանակցային գործընթացը ձգձգելուն, խոչընդոտելուն եւ փակուղի տանելուն։
Կցանկանայի հիշեցնել, որ մինչեւ 1997 թ. բանակցությունները ընթանում էին հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ մեծ քաղաքական համաձայնագրի մշակման շուրջ: Սակայն այդ գործընթացին խանգարեց հենց Ադրբեջանը, որը սկսեց առաջնային պլան մղել հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը»:




























