Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է, ինչը նախեւառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն իրավիճակի կայունացման ու լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի, միջնորդների եւ ողջ միջազգային հանրության կոչերի բացահայտ արհամարհանք է, այլ նաեւ 1994 թ. հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու ակնհայտ փորձ։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունները միտված են պարտադրել Ադրբեջանին հարգելու հրադադարի մասին պայմանագիրը եւ դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,-ընդգծել է նախարարը:




























