Փաստը, որ Բաքուն հետ է կանչել ՄԱԿում իր ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագիտական հաղթանակի մասին, որն ապացուցեց միջազգային հանրությանը, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ձեւաչափով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:
Այդ համատեքստում Սաֆարյանը ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացման նոր փուլ է կանխատեսել, որի արդյունքում ամփոփիչ փաստաթուղթ է պատրաստվելու: Հայ պատգամավորի կարծիքով, այդ փաստաթուղթը ներկաայցվելու է Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին: «ԵԱՀԿ շրջանակներում բանակցային գործընթացի հաջողության գրավականն այն է, որ այդ կառույցի դիրքորոշումը համընկնում է հայկական կողմի տեսակետի հետ: Եւ միջազգային հանրությունը աստիճանաբար գիտակցում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ին այլընտրանք չկա»,- հայտարարել է Սաֆարյանն՝ ընդգծելով, թե ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կավելացնի ճնշումը ԵԱՀԿ-ի վրա, կուժեղացնի քարոզչական գործունեությունը, եւ հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան:
Նշենք, որ Ադրբեջանը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հետ է կանչել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, այն հետաձգվել է մինչեւ հաջորդ նստաշրջան:




























