Անցնող տարվա տնտեսական անհաջողությունները ստիպում են մխիթարվել  կառավարության 2016 թվականի բյուջեում ամրագրած 2,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ միաժամանակ հավելելով, որ ոչ մի երաշխիք գոյություն չունի, որ այդ չափով տնտեսական աճը կառավարությունը կապահովի։ 

«Անցնող տարին, ըստ էության, չի կարելի համարել Հայաստանի Հանրապետության համար հաջողված տարի՝ պայմանավորված օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով։ Աշխարհաքաղաքական մեզ համար ոչ ցանկալի  զարգացումները, պատժամիջոցների ամբողջ համակարգը, որ կիրառվում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, Եվրասիական տնտեսական միության չկայացվածությունը այդ անհաջողության  ամբողջ շղթան էր։ Հայաստանի Հանրապետությունը չուներ տնտեսություն ու ռազմավակարական նշանակության ռեսուրսներ, եւ այս բոլորի պարագայում, բնականաբար, մենք չկարողացանք հասնել այն գծերին, ինչը որ կուզենայինք 2015 թվականի կտրվածքով լիներ»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝  կարելի է մխիթարանք համարել կառավարության նախատեսած 2․2 տոկոս աճը։ «Դեռեւս 2014-ի տարեվերջից սկսված արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով, որն ընթացավ գնաճային սցենարներով, եւ  դրամային իշխանությունների գործիքաշարերի ոչ բավարար  լինելու պարագայում, կարճ ասած, չունենցանք այն, ինչ սպասում էինք 2015-ին։  Գալիք տարվա համար նախատեսված տնտեսական աճը, որ 2․2-ի վրա է կանգնել, գոնե կարելի է մխիթարանք համարել, որ նահանջ չենք ունենա»։

Հարցին, թե ինչ երաշխիքներ կան,  որ կապահովի կառավարույթունը նախատեսված աճը, երբ նախկինում մշտապես չի ապահովել, ասաց. «Ոչ մի երաշխիք գոյություն չունի, որ մենք մինչեւ անգամ այդ 2․2 տոկոս աճն էլ կապահովենք, ես պայմանական ասացի։ Եթե զարգացումները նպաստավոր լինեն մեր երկրի համար, գոնե նահանջ չենք գրանցի, ոչ թե որ համոզված եմ՝ աճ կլինի»,-պարզաբանեց տնտեսագետը։

Անդրադառնալով երկրում ստեղծված տնտեսական անկման գործում կառավարության դերակատարմանը, ասաց․ «Մեզ մոտ կառավարման ցածր մակարդակի մասին ընդհանրապես չենք խոսում։  Մինչեւ անգամ գործից չհասկացողը գիտի, որ Հայաստանում կառավարման մակարդակը  գտնվում է չափազանց ու սարսափելի ցածր մակարդակի վրա։ Ավելորդ եմ համարում դրա մասին խոսել, այդ պատճառով առաջինը խոսում ենք արտաքին մարտահրավերներից»։

Դիտարկմանը, թե փաստորեն  տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ վարչապետի փոփոխությունը իրավիճակը չփոխեց, արձագանքեց. «Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ երկրի մի կետից է կատարվում ամեն ինչ, վարչապետը, նախարարը, ԿԲ նախագահը ի՞նչ կապ ունեն, սա մինչեւ անգամ մանկապարտեզի երեխան հասկանում է»։