Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը Իսիկ Կուլի հայկական եկեղեցու որոնումներն իրականացնելու համար առավել արդյունավետ միջոց է համարում դրոնի գործածումը:

NEWS.am թղթակցի հետ զրույցում Կարեն Բալայանը նշեց, որ վերջին մի քանի տարիներին ծրագրվող միջազգային գիտարշավը մի շարք տեխնիկական պատճառներով չի կայացել:

«Իրականում երկու գիտարշավ էր նախապատրաստվում: Հայկական եկեղեցին որոնելու համար Ռուսաստանի նախաձեռնությամբ ծրագրվում էր ռուս - ղրղզ - հայկական միացյալ գիտարշավ: Այն ծրագրված էր այս տարի, ընդ որում ռուսական կողմը համաձայնել էր ֆինանսավորել: Հայկական կողմից պետք է մասնակցեին հնագետ Հակոբ Սիմոնյանը ու ես՝ որպես դայվեր ու այդ պատմությունով հետաքրքրված մարդ: Առայժմ նրանք լռում են, իսկ մենք նախաձեռնություն չենք ցուցաբերում, քանի որ ֆինանսավորողը մենք չենք»,- նշեց ակումբի նախագահը:

Երկրորդ գիտարշավը ծրագրվում էր աշխարհահռչակ ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի հետ: «Նա հայ- ռուսական համատեղ գիտարշավ է առաջարկել ՝ Ղրղզստանից ակադեմիկոս Պլոցկիխի մասնակցությամբ: Խնդիրն այն է, որ ինքը Կոնյուխովը մշտապես գիտարշավների մեջ է: Մենք նրա շտաբի հետ կապ ենք պահպանում, բայց առայժմ հայտնի չէ, թե երբ նա ժամանակ կգտնի»,- հավելեց Կարեն Բալայանը: «Այասի» նախագահը հիշեցրեց, որ ակումբն իր տեսակետն ունի, թե որտեղ է պետք փնտրել եկեղեցին: «Աստիճանաբար շատ մասնագետներ սկսում են հակվել մեր տեսակետին» Որպես նորարարություն Կարեն Բալայանն առաջարկում է դրոն օգտագործել: Իսիկ Կուլի ջուրը թափանցիկ է, ինչը կհեշտացնի որոնումները: Տեխնոլոգիան արդեն փորձարկել են Սեւանում, որտեղ դրոնի օգնությամբ գրեթե պատահաբար գտել են խորտակված նավը:

Եկեղեցու մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը 1375 թ. կատալոնական քարտեզն է, որտեղ այն պատկերված է լճի հարավային կողմում: Ինքը Կարեն Բալայանը կարծում է, որ եկեղեցին պետք է մյուս ափին փնտրել: