Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բյուզանդի փողոցի օտարված տների 12 բնակիչների մի մասին կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը տվել է դրամական փոխհատուցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետության 32-ի նախկին բնակիչ Նունե Կարապետյանը:

«Խոստացվածից մի քիչ քիչ են տվել, բայց քանի որ այդքան ձգձգեցին, ստիպված համաձայնեցինք: Տված փողով գոնե ծայրամասում մի տուն կգնեմ, սեփական կտուր կունենամ»,-ասաց Նունե Կարապետյանը:

Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները 2015թ. հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրանց խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով: