Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները, որոնք  վարունգի բերքի մի մասը հանձնել են Պռոշյան գյուղում եւ Սասունիկ գյուղում գտնվող գործարաններ, դեռ չեն ստացել գումարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ առատաշենցիները վարունգի առատ բերք են ստացել, չեն կարողանում այն իրացնել և այդ պատճառով բերքի որոշ մասը թափել են:

«Քանի որ այդ գործարանների հետ կնքած պայմանագրեր չունեին, գյուղացիների բերքն ընդունել են եւ ասել, որ 2016թ. կտան գումարը եւ կոնկրետ ժամկետ չեն ասել: Բերքի շատ քիչ մասն են կարողացել իրացնել, մեծ մասը թափեցին, որն էլ հանձբել են՝ շատ էժան»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ առատաշենցիները վարունգը հիմնականում Արմավիրում են հանձնում, սակայն այս տարի  բերքի ամբողջ ծավալը չեն հանձնել՝ պայմանավորված վարունգի ցածր գնով և թանկ ճանապարհածախսով: Վերամշակող ընկերությունները հրաժարվում են վարունգի ողջ բերքն ընդունել՝ պատճառաբանելով, թե նախապես կնքված պայմանագրեր ունեն և ընդունում են սահմանափակ քանակով վարունգ: